Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բնապահպանական իրավախախտումների կանխարգելման, հանրային իրազեկվածության բարձրացման, մարզերում առկա խնդիրների գույքագրման ու դրանց վերացման նպատակով Արարատի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերում կազմակերպվել են իրազեկում-հանդիպումներ տնտեսավարող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տեղի բնակչությանը հուզող խնդիրները, մարզերում առկա բնապահպանական իրավիճակը, մասնավորապես՝ խոզանների, բուսական մնացորդների, աղբի այրման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման, ջրային ռեսուրսների, հողերի, ընդերքի օգտագործման և պահպանման վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով առաջացող խախտումները կանխարգելող միջոցառումներ։