Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի, Քարագլուխ գյուղի, «Տանձի դարս» կոչվող տարածքում արջը հայտնվել է մետաղալարի մեջ։ Տեսչական մարմնի Վայոց ձորի ՏԲ աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Տեղում պարզվել է, որ անօգնական կենդանու՝ կարմիրգրքյան գորշ արջի քոթոթի թաթը փաթաթվել է հողամասի մետաղական ցանկապատի մեջ։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ, Ոստիկանության աշխատակիցներ և մի խում կենդանաբաններ։ Համատեղ ջանքերով կենդանին քնեցվել է, ազատվել մետաղալարից, ենթարկվել զննության, տեղափոխվել գյուղից հեռու տարածք և բաց թողնվել վայրի բնություն։ Տեսչական մարմնի աշխատակցներն ուսումնասիրել են շրջակայքը՝ հնարավոր այլ նմանատիպ մետաղալարեր գտնելու նպատակով, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։