ՎԻՎՕ-ում իրականացված լրացումներ և փոփոխություններ
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-378-Ն օրենքը, համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը» 63.2-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
1. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 5-րդ մաս՝
ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջները չկատարելը կամ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքի խափանման, տվյալների առցանց փոխանցման դադարեցման, վթարի վերաբերյալ կարճ հաղորդագրություններով կամ էլեկտրոնային փոստով ծանուցումից հետո սարքի վթարը կամ խափանումը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում՝
տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 300.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 500.000-800.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 600.000 ՀՀ դրամի փոխարեն՝ 1.000.000-1.500.000 ՀՀ դրամ։
2. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածը լրացվել է 6-րդ մասով, ըստ որի՝
ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու դեպքում'
տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ սահմանվել է ' 800.000-1.000.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 2.000.000-3.000.000 ՀՀ դրամ։