Ապրիլի 8-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել բնապահպանական հարցերի շուրջ քննարկում, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ խոշորացված համայնքների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի առաջնային բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ փայտածուխի արտադրամասերի գործունեության օրինականությունը, ապօրինի ծառահատումների ու փայտանյութի տեղափոխման դեմ ուղղված համատեղ միջոցառումները։
Առանձնակի ուշադրություն է դարձվել անտառտնտեսությունների տարածքում հաստատված հատատեղերի շահագործմանը, թափուկ փայտանյութի տրամադրման աշխատանքների կազմակերպման ընթացքում համայնքների անմիջական ներգրավվածությանը, թափուկ փայտանյութի տոմսերի ապօրինի շրջանառության կանխմանը, ներքին պահեստից դրանց տրամադրմանը՝ բացառելով բնակչության անտառ մուտք գործելը:
Վերհանված հարցերի կարգավորման նպատակով կարևորվել է համայնքների, վերահսկող մարմնի, ՀՀ ՆԳՆ պարեկային, ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների ակտիվ համագործակցությունը։