Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԲԸՏՄ ղեկավար կազմի հետ։
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները, որոնց արդյունքներով՝ նախատեսված 23 ստուգման փոխարեն իրականացվել է 58 ստուգում, որից՝ 33-ը ծրագրային, 25-ը՝ արտածրագրային։ Բացված ստուգման հանձնարարագրերից 12-ը տեղափոխվել են մյուս եռամսյակներից։
Քննարկվել են նաև ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետները, իրականացվող ծրագրային ու արտածրագրային ստուգումների, դիտարկումների, կասեցումների, հարուցված վարչական վարույթների ընթացքը, ստացվող ահազանգերով բարձրացված հարցերը, իրավական ակտերի փոփոխությունների նախաձեռնությունները։
Մարտիրոսյանը տվել է հանձնարարականներ խստացված վերահսկողական ստուգայցերի ընթացքում անտառհատումների, ապօրինի որսի, հողի բերրի շերտի տեղափոխման կանխարգելման, տնտեսավարողների հետ իրազեկման աշխատանքներում խնդիրների վերհանման վերաբերյալ։
Տեսչական մարմնի 2022թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է 130 ստուգում։