ԻՐԱԶԵԿՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Ի՞նչ է գործունեության կասեցումը
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՕՐԵՆՔԻ ՀՕ-452-Ն ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի տնտեսավարող, տեղեկացնում ենք, որ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք: Այն է՝ գործունեության կասեցում:
Եթե Դուք նախաձեռնել եք Ձեր գործունեությունը 2020 թվականի հոկտեմբերի 17-ից հետո, ապա գործունեության կասեցման վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ գործում են Ձեզ համար:
Իսկ եթե Դուք գործունեությունը նախաձեռնել եք մինչ 2020 թվականի հոկտեմբերի 17-ը, ապա կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հոկտեմբերի 17-ից:
Ի՞նչ է գործունեության կասեցումը.
Գործունեության կասեցումը գործընթաց է, որի միջոցով օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը՝ մարդու իրավունքների և առողջության, պետության շահերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով:
Գործունեության կասեցումը կիրառվում է միմիայն ստուգման շրջանակներում հետևյալ առավել վտանգավոր և կոպիտ բնապահպանական իրավախախտումների դեպքում՝
ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.
ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.
առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ.
ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.
ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.
ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:
Վերևում թվարկված դեպքերում անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքները.
եթե շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման ընթացքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում.
գործունեության կասեցման մասին որոշումը և գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման, ինչը նշանակում է, որ այդ որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը.
գործունեության կամ գործողության կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտը խախտումները վերացրել է:
https://www.ecoinspect.am/%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5.../