Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։
Հանդիպումը կայացել է հիմնադրամի կողմից Վայոց ձորի մարզում նախատեսվող նոր բնապահպանական ծրագրի հիմնական ուղղությունները քննարկելու նպատակով, մասնավորապես՝ Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման, բնական միջավայրի կայուն կառավարման, գետի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ-երի) գործունեության ազդեցությունը և այլ հարցեր։
Քննարկվել են նաև վայրի կենդանիներին անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ խստացված հսկողության գործընթացները, վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև անազատությունից փրկված վայրի կենդանիների խնամքի, ժամանակավոր և մշտական պահման պայմանների բարելավմանն ուղղված քայլերը։
Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են COP17 միջազգային համաժողովին ընդառաջ, երբ բնության պաշտպանությունն ու կենսաբազմազանության պահպանումը դառնում են պետական քաղաքականության առանցքային ուղղություններ, նշել, որ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցությունը վճռորոշ դեր ունեն միջազգային պարտավորությունների կատարման, բնապահպանական բարեփոխումների առաջխաղացման և Հայաստանը՝ որպես բնության պահպանությանն ուղղված պատասխանատու պետություն դիրքավորման գործում։