Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մայիսի 22-ին մասնակցել է Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կովկասյան ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակի բնություն բաց թողնելու միջոցառմանը։
Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համատեղ ջանքերով՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է դեռևս 2013 թվականին։
Մինչ օրս Դիլիջանի ազգային պարկի տարածքում արդեն վերականգնվել է 13 եղջերուի պոպուլյացիա, իսկ 2025 թվականի վերաբնակեցումն ունի պատմական նշանակություն՝ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու մարզ, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։
Լոռու մարզի Եղեգնուտի անտառներ արձակված եղջերուները պատշաճ կերպով նախապատրաստվել էին՝ գտնվելով մասնագետների ամենօրյա խնամքի ու վերահսկողության ներքո։ Նրանց վերադարձն անտառներ կենսաբազմազանության վերականգնման կարևոր քայլ է, որը խթանում է նաև հասարակական ուշադրությունն ու պատասխանատվությունը բնության պահպանության նկատմամբ։