ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Վաղարշակ Ամիրխանյանը հանդիպել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի խոշորացված համայնքների և Տեսչական մարմնի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկվել են հանքերի շահագործման, շինաշխատանքների ու սորուն նյութերի տեղափոխման և պահեստավորման ընթացքում փոշու արտանետումների նվազեցման, խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման դեպքերի բացառման, ինչպես նաև ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք հարցեր։
Մթնոլորտային օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով առաջարկվել է շինարարական թույլտվությունների տրամադրման պարտադիր պայմաններում ներառել շինհրապարակներում այլընտրանքային ժամանակակից տեխնոլոգիաների՝ փոշեճնշող սարքերի, փոշու նստեցման ջրի թնդանոթների կիրառումը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն համայնքային և վերահսկողական իրավասությունների շրջանակում շարունակել ակտիվ համագործակցությունը մարզում առկա բնապահպանական իրավախախտումները կանխարգելելու և բացառելու նպատակով։