Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Լևոն Լևոնյանը հանդիպել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության քրեական, համայնքային մարզային վարչության պետեր, փրկարար ծառայության աշխատակիցներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ջրօգտագործող ընկերությունների, ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ և ոլորտային պատասխանատուներ։
Հանդիպման հիմնական նպատակն էր մարզում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ապահովումը, իրավախախտումների կանխարգելումը և պետական գերատեսչությունների միջև փոխգործակցության սերտացումը։
Քննարկվել են Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության, ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման, կենցաղային աղբի, խոզանների, աղբավայրերի, եղեգների, չորացած տերևների, գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման դեպքերի բացառման, աղբահանության պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային օգտագործման և համայնքային նշանակության բնապահպանական խնդիրների արագ արձագանքման մեխանիզմները։
Կարևորվել է օրենքի գերակայության և շրջակա միջավայրի պահպանության գործում բոլոր օղակների ամենօրյա ակտիվ ու համակարգված աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին հստակեցվել են հետագա անելիքների ժամանակացույցը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու գերշահագործման դեպքերի բացառմանն ուղղված գործողությունները։