Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների արդյունքում մի շարք տնտեսավարողներ վերացրել են արձանագրված խախտումները և ստացել անհրաժեշտ թույլտվությունները։
2025թ. նոյեմբերին կասեցվել էր Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում գործող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ի ջարդիչ–տեսակավորման կայանի շահագործումը՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվություն չունենալու հիմքով։
2025թ. հուլիսին կասեցվել էին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «Տնկարան» ՍՊԸ-ի գազալցակայանի տարածքում առկա խորքային հորի ապօրինի շահագործումը, իսկ դեկտեմբերին՝ Էջմիածին քաղաքում բետոնի և պեմզաբլոկների արտադրությամբ զբաղվող «Գևորգ Անդրեասյան» Ա/Ձ-ի բետոնահանգույցի գործունեությունը՝ համապատասխան թույլտվությունների բացակայության հիմքով։
Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել էր ապօրինի ջրառ։ 2025թ. օգոստոսին Ա.Մ.-ին պատկանող ավտոլվացման կետում առանց թույլտվության շահագործվող խորքային հորի գործունեությունը կասեցվել էր։
Բոլոր տնտեսավարողները լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ։
Կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։