Panorama.am կայքը հարցում է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ օրերս հրապարկված «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը» վերտառմամբ նյութին արձագանքելու նպատակով:
Ի պատասխան՝ տեսչության ղեկավարը նշել է.
«Ի պատասխան Ձեր 16.03.2020թ․ գրության հայտնում եմ, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման արդյունքներով 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ստուգող խմբի ղեկավար Արթուր Բեգլարյանի կողմից ոչ պատշաճ կերպով է իրականացվել աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, որի հիման վրա դադարեցվել է նրա լիազորությունները՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով, ինչպես նաև նույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետով և նույն հոդվածի 6-րդ մասով։