ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հաշվարկել են անտառապահի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանը պատճառված 3.228.000 ՀՀ դրամի վնաս:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ. Ղ.-ն, զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր պաշտոնից բխող լիազորությունները, որի հետևանքով պետությանը հասցվել է 3.228.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ղ.-ն, Լոռու մարզի մի խումբ բնակիչների հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները չխզելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերջիններիս թույլատրել է 2021 թվականի ընթացքում պարբերաբար անարգել մուտք գործել Վահագնիի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածք և առանց թույլտվության կատարել ապօրինի ծառահատումներ: Դրանից հետո հիշյալ անձինք փայտանյութը բեռնել են իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներն ու ապօրինի դուրս բերել անտառից՝ օգտագործելով ըստ հայեցողության:
Այնուհետև Գ. Ղ.-ն կազմել է անտառախախտման 2 արձանագրություն, համաձայն որի՝ իբրև անհայտ անձի կողմից Վահագնիի անտառպետության իր կողմից սպասարկվող պահաբաժնում կատարվել է ընդհանուր 16 հատ կաղնու ապօրինի հատում: Անտառախախտման հիշյալ արձանագրությունների հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել է վնասի հաշվարկ, որի ընթացքում 16 կաղնիներից բացի հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 4 ծառ: Ըստ հաշվարկների՝ ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 3.228.000 ՀՀ դրամ:
Մանրամասները
https://anticorruption.am/hy/news/view/241?fbclid=IwAR1Rl65YrfTuv4CjCVPvdXK97_LdtIgyw4NduVohNiGICc7VKxvQfllFtH4
https://www.1lurer.am/hy/2023/05/17/%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A8/931426?fbclid=IwAR04MTCCvolMscNod7uX63MtXwGKZyo03fCXjlijmt8woi5zl-AyngT-cfQ